Աստիճանաբար ուրվագծվում է քարոզարշավի պատկերը: Ինչքան էլ խարիզմատիկ լինի կամ հավակնոտ ելույթներ ունենա Զարուհի Փոստանջյանը, նա թիմ և ռեսուրսներ չունի և ընտրական այս գործընթացում չի կարող հավակնել իշխանության հիմնական մրցակցի դերին: Այլ է «Ելք» դաշինքի պարագան. ոչ ոք չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է Երևանի քաղաքապետ, ու այս առումով դաշինքի նախընտրական հռետորաբանությունը համարժեք չէ ունեցած սահմանափակ ռեսուրսներին: Սակայն, եթե գործընթացին նայենք ավելի լայն հայացքով, ապա «Ելքի» ընտրած մարտավարությունը գուցե արդարացված է` Երևանում իր էլեկտորալ բազան ընդարձակելու և ընդդիմության առաջատարի հայտի ձևակերպման համատեքստում: Ու մի բան էլ` Երևանի ապագա ավագանին, հենց այս քարոզարշավի շնորհիվ, ավելի ազդեցիկ է լինելու, ըստ այդմ, քաղաքային իշխանությունը` ավելի վերահսկելի:
«Ելքում» ավելի շատ Տարոն Մարգարյանին են քննադատում, քան` այլընտրանք առաջարկում: Երեկ Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական կանգառները եղել են Արաբկիր վարչական շրջանի շենքերի բակերը: «Տարոն Մարգարյանն անարդյունավետ ու խայտառակ վատ, կոռուպցիոն ռիսկերով զուգադրվող կառավարման մեծ փորձ ունի, և ես, այո՛, կոռուպցիայի փորձ չունեմ, իմ պետական պաշտոնյա լինելու ընթացքում մի քանի միլիոն դոլարի ունեցվածք չեմ վաստակել»,- հայտարարել է Փաշինյանը, ում խոսքը երեկ արմատական է եղել, որովհետև նա գործող քաղաքապետին մեղադրել է կոռուպցիայի մեջ, «թաղային ընտրակեղծարարներով» քաղաքապետարանը համալրելու համար: «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն խոստացել է՝ եթե քաղաքապետ ընտրվի, քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կկրճատի, ամիսը մի քանի անգամ էլ իրեն կտեսնենք հասարակական տրանսպորտով երթևեկելիս:
«Ելքի» ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը երեկ պատկերավոր է արտահայտվել դաշինքի մասին` բարձրախոսով հայտարարելով՝ «Սիրելի հայրենակիցներ, ձեր բակ է մտնում քաղաքական «Իսկանդերը», այսինքն՝ «Ելք» դաշինքը»: Անկեղծ ասած, համեմատությունը հաջող չէ, որովհետև «Իսկանդերը» լոկալ պատերազմում չի կիրառվում, իսկ Երևանի քաղաքապետի ընտրությունը հենց այդպիսին է:
Արաբկիրից քիչ հեռու` Նոր Նորք վարչական շրջանում, ընտրողներին հանդիպել է Տարոն Մարգարյանը, ու պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, գործող քաղաքապետին նույնիսկ սիրում են: Մի տատիկ խոստովանել է, որ ամեն օր, քնելուց առաջ, Տարոնի նկարը պաչում է: Տարոն Մարգարյանը մասիվցիներին պատմել է տրանսպորտի ոլորտում սպասվող բարեփոխումների մասին: «Այսօր երևանցիների համար առաջնային խնդիրներից մեկը քաղաքային տրանսպորտն է։ Մենք ձեռք ենք բերել միջազգային փորձ և մոտակա ամիսներին կկարողանանք Երևանում վերջնականապես լուծել այս խնդիրը։
Լինելու են զեղչեր, լավ սպասարկում և էլեկտրոնային տոմս»,-ասել է գործող քաղաքապետը:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ